Նորություններ

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություն էր ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում:
Ներկաներին տոնի առիթով շնորհավորեց Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի ՏԲ նախագահ Կարեն Գրիգորյանը: "Մեր երկիրը մեր տունն է: Միասնական ջանքերով մենք պետք է կառուցենք այն և շենացնենք",- հորդորեց քաղաքապետը իր խոսքում:
Օրվա առիթով սահմանված էին պարգևներ, որոնք հանձնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
ՀՀ  և ԼՂՀ նախագահների ''Մարտական ծառայության'' մեդալներով, ԼՂՀ "Մայրական երախտագիտության" և ԵԿՄ հուշամեդալներով պարգևատրվեցին Արցախյան պատերազմի մասնակից տասնյակ ազատամարտիկներ` այդ թվում նաև հետմահու:
Մի խումբ զոհված, հաշմանդամ և սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներ էլ ստացան դրամական պարգևներ: Հանդիսավոր մասին հաջորդեց համերգային ծրագիրը, որը ներկայացրեցին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության երգի ու պարի մշակութային խմբերը:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ` Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂՂԵՐՁԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ  ԽՈՍՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ` ՄԱՅԻՍԻ 28-Ի  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայրենակիցներ ՀՀ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ  Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 93-րդ տարեդարձի  Հանրապետության օրվա կապակցությամբ:  20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետությամբ, որոնց սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը:   Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ եւ երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար եւ ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը եւ պետականության այդ հենքի վրա կայացավ մեր Երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, որն արդեն 20 տարեկան է:    1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով եւ հասնում արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի իր պատմական ներդրումն ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության եւ իր պատմական տարածքների ազատագրում ունենար, ունենար Երկրապահի օր, եւ հաղթանակի ու խաղաղության տոն: Տոնական տրամադրությամբ շարունակենք մեր պայքարը, աշխատենք օրըստօրե հաղթահարել մեր առջեւ ծառացած խնդիրներն ու հզորացնենք մեր հայրենիքը: Փառք տալով մեր հերոսածին մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանը իրենց կյանքը նվիրած մեր  բազում նահատակների հիշատակի առաջ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային եւ մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու եւ եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահներին փոխանցելու վճռականությամբ:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ`  Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 


ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐԱՊԱՀԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 21-ԱՄՅԱԿԸ

Комментариев нет:

Отправить комментарий